Հաջողության պատմություններ


Բենջամին Ֆրանկլինի օրինակը

Այս հարցում մենք կարող ենք օրինակ վերցնել Բենջամին Ֆրանկլինից, որը նպատակ էր դրել փոխել բնավորության որոշ գծեր: Այդ փոփոխությունը պիտի նպաստեր երկրի ճիշտ կառավարմանը: Նա իր առջև նպատակ էր դրել <<Լռել, չբացել բերանն այնքան ժամանակ, մինչև անհրաժեշտ չլինի իմ և այլ մարդկանց հետաքրքրությունը բավարարելու համար, ինչպես նաև խուսափել անիմաստ և դատարկ երկխոսությունից>>:
Նա ամեն առավոտ լռելու իր նպատակը ձևակերպում էր այսպես. <Ես մոտակա 24 ժամվա ընթացքում ոչինչ չեմ ասի, մինչև դա անհրաժեշտ չլինի իմ, այլև մարդկանց շահերի համար>>: Նա միշտ այս նշումը, նոթատետրում գրառած, պահում էր  իր մոտ:
Եթե նրան հաջողվում էր հասնել այս նպատակին 24 ժամվա ընթացքում, շնորհավորում էր իրեն և նույն նպատակը դնում հաջորդ օրվա համար, իսկ եթե ոչ, ապա իր մոտ նշում էր, որ այդ նպատակի իրագործման համար պետք է էլ ավելի շատ ուժեր ներդնել:
Ֆրանկլինի կենսագրականում ասվում է, որ նպատակադրման այս մեթոդով ինքը կարողացել է իր բնավորության որոշ գծեր արմատապես փոխել: Նա պատմում է, թե ինչպես է հաղթահարել վիճելու սարսափելի սովորությունը և դարձել Ամերիկայի պատմության մեջ ամենահեղինակավոր, հարգված և դիվանագետ մարդկանցից մեկը:

 Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` <<Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>>


Առնոլդ Շվարցնեգերի գաղտնիքը

Մուլտիմիլիոնատեր, կուլտուրիստ, կինոաստղ, նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը ամեն ինչի ինքն է հասել: <<Այս ամենն իմ գլխում էր, - ասել է նա: Երբ դեռ փոքր տղա էի, ես մտովի ինձ պատկերացնում էի այն, ինչ կամ: Երբեք չեմ կասկածել, որ այպիսին չպետք է լինեմ: Ուղեղը հրաշագործ է: Ես ինձ միշտ պատկերացրել եմ շատ փող աշխատող, հարուստ, տաղանդավոր դերասան: Մինչև հաղթանակը բառացիորեն զգացել եմ հաջողությունը և նրա համը: Ես միշտ մտածել եմ, որ այլ կերպ լինել չի կարող>>:

Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>>


Ջոն Ռոկֆելլերի դաստիարակության մեթոդը

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Ռոկֆելլերը,  երեք որդի ուներ: Դեռ դպրոցական տարիներին նա իր որդիներին ամսական ծախսի գումար էր տալիս, իսկ ամսվա վերջում տղաները հայրիկին ֆինանսական հաշվետվություն էին ներկայացնում իրենց միջոցների մուտքերի, ելքերի և մնացորդի մասին, որովհետև նրանք ստացած գումարով փոքր տնտեսություններ էին ստեղծել.մեկը ճագարաբուծությամբ էր զբաղվում, մյուսը բանջարանոց ուներ, իսկ երրորդը՝ ծաղկանոց:
Յուրաքանչյուրն ձգտում էր եկամուտներն ավելացնել: Նրանք իրենց ստացած գումարը  ճիշտ վերը թվարկված մասերի էին բաժանում, այն տարբերությամբ միայն, որ առանձնացնում էին բարեգործության, հետո՝ խնայողության գումարը: Նա այս ձևով սովորեցնում էր տղաներին տնտեսվարություն, բարեգործություն, ճիշտ և գրագետ գործարարություն:
Եվ ի՞նչ տվեց դաստիարակության այս մեթոդը:
Այն, որ Ռոկֆելլերի երեք տղաները հետագայում դարձան հայտնի և տաղանդավոր ֆինանսիստներ և քաղաքական գործիչներ:

  Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>>


Հենրի Ֆորդի հաջողության գաղտնիքը

Հետևողական ջանքերի, համառության և հաստատակամության շնորհիվ Հենրի Ֆորդին հաջողվում է հաջողության հասնել կյանքում: Ինչպե՞ս:
Ո՞վ չգիտի, որ Հենրի Ֆորդն աղքատ և անկիրթ էր, երբ նոր էր սկսում իր կարիերան: Բայց տասը տարի հետո նա բոլորովին այլ մարդ էր. 25 տարեկանում այսօրվա լեգենդը դարձավ Ամերիկայի ամենահարուստ գործարարը: Դա եղավ այն բանից հետո, երբ նա մտերմացավ մեծ մտածող Թոմաս Էդիսոնի հետ: Մարդն ի վիճակի է ընկալելու և վերցնելու այն մարդկանց բնավորությունը, հմտություններն ու մտքի ուժը, ում հետ համագործակցում է: Երբ Հենրի Ֆորդը որոշեց թողարկել իր հայտնի <<Վ-8>> մակնիշի ավտոմեքենան, ցանկացավ ստեղծել մի շարժիչ, որի բոլոր ութ գլանները տեղավորվեին մի փակ բաժանմունքում: Բոլոր ինժեներները համոզված էին, որ դա անհնար է: Սակայն Ֆորդն իրենն էր պնդում: Նա այնքան ժամանակ և միջոցներ տրամադրեց նրանց, մինչև իր ուզածին հասավ:
<<Շարունակեք աշխատել, - ասում էր Ֆորդը, - ես ուզում եմ, որ դա իրականանա: Ուրեմն կլինի>>: Աշխատանքը շարունակվեց, և Ֆորդը ստացավ իր ուզածը, փաստորեն հաղթեց:
Ինտուիցիան և համառությունը հաղթեցին:

Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>> 


Գիտելիքներ, որոնք Ալեքսանդր Մանթաշովին դարձրին միլիոնատեր

Մանթաշովը, որը կրթություն էր ստացել Լայպցիգում, տիրապետելով մի շարք լեզուների, իր կողքին ունենալով առաջնակարգ մասնագետներ, միշտ ինքն է վարել ու հսկել իր բոլոր առևտրական և արդյունաբերական գործերը:
Ալեքսանդրը Եվրոպայում շրջագայությունների ընթացքում սովորում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, շփվում մշակույթի առաջադեմ գործիչների հետ, ծանոթանում նրանց արվեստին: Նա իր բնատուր տաղանդի, կամքի, ուշիմ և բնատուր բնավորության շնորհիվ, սկսած քսան տարեկանից, իրենց տան առևտրական գործերի ղեկը վերցրել էր իր ձեռքը, սակայն մշտապես գտնվել հոր հսկողության և հոգատար հովանու ներքո:
Նախքան որևէ երկրի հետ առևտրական գործարքների մեջ մտնելը, նա առաջին հերթին ծանոթանում էր տվյալ երկրի տնտեսությանը, երկրի նյութական հնարավորություններին, բնական պաշարներին և բնակչության պահանջմուքներին: Շատ էր կարևորում օտար լեզուների և խնդրի իրավաբանական կողմի իմացությունը: Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ էին գիտելիքներ, պետք էր տիրապետել առևտրականի բարդ և դժվարին մասնագիտությանը, որի տեսական հիմքերը մշակվում էին տնտեսագետ - մասնագետների կողմից:
Մանթաշյանցը խորապես համոզված էր՝

  • ուժեղ է այն ազգը, որը տնտեսական ամուր հարաբերություններ ունի,
  • տնտեսապես ուժեղ ազգը, որն ունի ինքնատիպ մշակույթ՝ գրականություն, ճարտարապետություն, նկարչություն, երաժշտություն և արվեստի այլ ճյուղեր, երբեք  ենթակա չէ ձուլման:

Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>> 


Հաուելի հաջողության գաղտնիքը

Թույլ տվեք պատմել մի մարդու մասին, որն ինքն իրեն գնահատելու և ղեկավարելու իսկական վարպետ էր: Նրա անունը Հ. Հաուել էր: Նա խոշորագույն պաշտոններ էր զբաղեցրել ամերիկյան տնտեսության մեջ. եղել էր մի քանի խոշոր բաժնետիրությունների տնօրեն և ազգային առևտրային բանկի վարչության նախագահ, թեև շատ բարձր կրթական հաստատություններ չէր ավարտել:
<<Երկար տարիներ օրագիր էի վարում, որի մեջ գրանցում էր այն բոլոր գործերը, որոնցով զբաղվում էի օրվա ընթացքում, - պատմում էր Հաուելը, երբ նրան խնդրեցին բացատրել իր հաջողության պատճառը: - Շաբաթ երեկոյան ընտանիքս ինձ երբեք չի անհանգստացնում, քանի որ գիտի, որ այդ ժամանակ ես ամփոփում և գնահատում եմ շաբաթվա իմ աշխատանքը: Ընթրիքից հետո առանձնանում եմ, բացում օրագիրս և մտովի վերականգնում բոլոր հարցազրույցները, քննարկումները, հանդիպումները, որոնք տեղի են ունեցել շաբաթվա ընթացքում: Ինքս ինձ հարցնում եմ <<Ի՞նչ սխալներ եմ կատարել այդ ընթացքում: Ի՞նչն եմ ճիշտ արել: Ինչպե՞ս բարելավեմ իմ աշխատանքը: Ի՞նչ դասեր պետք է քաղեմ ստացածս փորձից>>: Շաբաթվա ամփոփումը ինձ երբեմն վշտացնում է: Երբեմն էլ ծայրաստիճան զարմանում եմ` ինչ կոպիտ սխալներ եմ կատարել: Իհարկե, տարիների ընթացքում կոպիտ սխալները նվազում էին: Տարիներ տևող ինքնավերլուծության այդ համակարգը ինձ ավելի շատ բան է տվել, քան որևէ այլ բան նրանից, ինչ փորձել եմ օգտագործել>>:
Հնարավոր է, որ Հաուելը իր գաղափարը  փոխառել էր Բեն Ֆրանկլինից: Միայն թե Ֆրանկլինը չէր սպասում մինչև շաբաթ երեկո: Նա արդյունքներն ամփոփում ու վերլուծում էր ամեն երեկո: Նա իր մեջ բացահայտել էր 13 լուրջ թերություն: Ահա դրանցից երեքը`

  1. Ժամանակի զուր վատնում,
  2. Փուչ բաների պատճառով հուզվելու հակվածություն,
  3. Մարդկանց առարկելու և նրանց հետ վիճելու հակում:

Իմաստուն Բեն Ֆրանկլինը հասկացել էր, որ եթե ինքը չազատվի այդ թերություններից, ապա հաջողություն չի ունենա: Տվյալ շաբաթվա ընթացքում նա պայքարում էր իր թերությունների մեկի դեմ` ամեն օր հետևելով իրեն`թույլ չտալու համար ժամանակի պարապ վատնում: Ամփոփելով շաբաթվա արդյունքը, նա գրառում էր, թե ինչ հաշվով է հաղթանակ տարել այդ մրցամարտում: Հաջորդ շաբաթ նա ընտրում էր մի այլ թերություն և պայքարում դրա դեմ: Այդ կերպ երկու տարի շարունակ Ֆրանկլինը պայքարում է իր թերությունների դեմ: Ուստի զարմանալի չէ, որ նա դարձավ ամենաազդեցիկ և ամենասիրելի մարդկանցից մեկը ԱՄՆ-ում:

Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>> 


Այլոց համոզմունքը չազդեց նրանց վրա

Ալբերտ Էյնշտեյնին դպրոցից տուն ուղարկեցին՝ անվանելով անընդունակ: Նրանք համոզված էին դրանում և նույնիսկ վստահեցնում էին ծնողներին, որ նրանց որդուն որևէ բան հնարավոր չէ սովորեցնել: Բայց Ալբերտի ծնողները հրաժարվեցին այդ մտքին հավատալուց և իրենց որդուն օգնեցին՝ ստանալու փայլուն կրթություն:
Դոկտոր Ալբերտ Շվեյցը  մանկության տարիներին տառապում էր նույն խնդրով: Նրա ծնողներին խորհուրդ տվեցին տղային կոշկակարի մոտ սովորելու ուղարկել, որպեսզի մասնագիտություն ստանա: Ե՛վ Ալբերտ Էյնշտեյնը, և՛ Ալբերտ Շվեյցը դոկտորի աստիճան ստացան՝ դեռ 20 տարին չբոլորած, և զգալի հետք թողեցին XX  դարի պատմության մեջ:
Թոմաս Էդիսոնին դպրոցից հեռացրին վեցերորդ դասարանում: Դրա հետ մեկտեղ, նրա ծնողներին զգուշացրին, որ ընդունակություններով չի փայլում, և նրա կրթության վրա կատարված ծախսերն անիմաստ են: Դրանով հանդերձ, նա դարձավ դարի գյուտարարը: Շնորհիվ համառ աշխատանքի, այդ մարդիկ կարողացան իրենց գործում հասնել մեծ հաջողությունների:
Շրջապատն իր համոզմունքով սահմանափակում էր նրանց հնարավորությունները, բայց կյանքը հակառակն ապացուցեց:


Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>>


Ապրեք <<այսօրվա>> օրով

1871 թվականի գարնանը մի երիտասարդ գրքում հանդիպեց մի արտահայտության` ընդամենը 21 բառ, որը վիթխարի ազդեցություն ունեցավ նրա հետագա ողջ կյանքի վրա:
Մոնրեալի հիվանդանոցի բժիշկ - ուսանողը մտահոգված էր առաջիկա ավարտական քննություններով, ինչպես նաև այն բանով, թե ինչ է անելու, որտեղ է սկսելու գործունեությունը, ինչպես է փող վաստակելու:
21 բառը, որ նա կարդաց 1871 թվականին, նրան օգնեցին դառնալու իր սերնդի ամենանշանավոր բժիշկը: Նա հիմնեց Ջոն Հոփքինսի անվան աշխարհահռչակ բժշկական կրթական հաստատությունը: Դարձավ թագավորական հրովարտակով նշանակված ուսուցչապետ և ամբիոն գլխավորեց Օքսֆորդի համալսարանում: Այսինքն` արժանացավ մեծագույն պատվի, որը կարող է վաստակել Անգլիայում բժշկությամբ զբաղվող մարդը: Երբ նա մահացավ, լույս ընծայվեց նրա կյանքը նկարագրող 1466 էջ պարունակող երկու հատորանոց գիրք:
Նրա անունը սըր Ուիլյամ Օսիեր էր:
Ահա այն 21 բառը, որ նա հանդիպել էր 1871 թվականի գարնանը, 21 բառ Թոմաս Քարլայլից. <<Մեր գլխավոր գործը ոչ թե տեսնելն է այն, ինչ գտնվում է մշուշված հեռվում, այլ անելը այն, ինչ անմիջապես ձեռքի տակ է>>:
42 տարի անց մի տաք գարնանային երեկո սըր Ու. Օսիերը զրուցում էր Եյլի համալսարանի ուսանողների հետ: Եվ այդ ժամանակ նրանց ասաց, որ մարդիկ սխալվում են, երբ կարծում են, թե ինքը` չորս համալսարանների ուսուցչապետը ու գրքերի հեղինակը, օժտված է <<առանձնահատուկ որակի ուղեղով>>: Նա ասաց, որ մոտիկ ընկերները գիտեն, որ ինքը սովորական ընդունակությունների տեր մարդ է:
Դե ուրեմն, ինչու՞մ է իր հաջողության գաղտնիքը:
Ըստ իրեն`դա արդյունք է այն բանի, որ ինքը ջանում է ապրել <<օրվա շրջանակներում>>: Ի՞նչ նկատի ուներ սըր Օսիենը: Իր ելույթից մի քանի ամիս առաջ նա հատել էր Ատլանտյան օվկիանոսը մեծ հանրանավով, որի նավապետը կամրջակին կանգնած կարող էր կոճակի սեղմումով անջրանցիկ անջրպետներով իրարից բաժանել նավի տարբեր մասերը:
<<Ձեզանից յուրաքանչյուրը, - ասաց սըր Օսիենը, - ավելի բարձր կազմակերպվածություն ունի, քան այդ հանրանավը, և նախատեսված է ավելի երկարատև նավարկման համար: Ես ուզում եմ ձեզ համոզել, որ սովորեք ապրել <<այսօրվա օրով>>, որպեսզի ապահովեք նավարկության ավելի մեծ անվտանգություն: Բարձրացեք կամրջակին, սեղմեք կոճակը և ունկնդրեք, թե երկաթե դռները ինչպես են շրխկոցով փակում ձեր կյանքի երեկվա մեռած օրերը:
Սեղմեք մյուս կոճակը և երկաթե վարագույրով շրխկոցով փակեք ապագան` տակավին չծնված վաղվա օրերը:
Այդ անելուց հետո դուք անվտանգության մեջ եք` այսօրվա անվտանգության:
Շրխկոցով փակեք անցյալը: Անցյալին թույլ տվեք թաղել ինքն իրեն: Պատնեշվեք վաղվա օրերից, որոնք դյուրացրել են շատերի ճանապարհն ի մահ: Վաղվա հոգսերի բեռը` բազմապատկվելով երեկվա և այսօրվա կրելիքի հետ, ճզմում է նույնիսկ ամենաուժեղներին: Փակեք ապագան նույնքան ամուր, որքան որ անցյալը: Ապագան այսօրն է: Վաղը չկա: Փրկության օրը հենց այսօրն է: Նույն օրվա շրջանակներով ապրելու սովորույթ մշակեք:
Մի՞թե սըր Օսիերը նկատի ուներ, թե պետք չէ նախապատրաստվել վաղվա օրվան: Բնավ ոչ: Նա շարունակեց իր ուղերձը` ասելով որ վաղվան նախապատրաստվելու լավագույն եղանակը ամբողջ մտավոր ուժը, ամբողջ ոգևորությունը կենտրոնացնելն է այսօրվա գործերը լավագույն կատարելու վրա:
Ապագային լավ նախապատրաստվելու միակ հնարավոր ուղին սա է:
Սըր Օսիերը Եյլի համալսարանի ուսանողներին հորդորեց օրը սկսել Քրիստոսի աղոթքով` <<Մեր հանապազօրյա հացը տու՛ր մեզ>>:

 Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>>


Էմիլյա Կուենի բուժման մեթոդը

Ամերիկուհի Էմիլյա Կուեն հայտնի դարձավ աշխարհում` բուժելով մի շատ պարզ մեթոդով: Պարզապես նա իր հիվանդներին սովորեցնում և պարտադրում էր առավոտյան և երեկոյան կրկնել հետևյալ արտահայտությունը. <<Ամեն օր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում>>: Այս արտահայտությունը հիվանդները պետք է սիրով և համոզվածությամբ կրկնեին առավոտյան և քնելուց առաջ: Ամեն անգամ երկու րոպե:
Բոլոր նրա հիվանդներն առողջանում էին: Բժիշկները սկզբում չէին հավատում, չէին ընդունում նրա մեթոդը, բայց հիվանդներն առողջանում էին: Հետագայում փաստացի հաստատվեց նրա այս մեթոդի արդյունավետությունը, և այն կիրառվեց:

Ամերիկուհի Էմիլյա Կուեն հայտնի դարձավ աշխարհում` բուժելով մի շատ պարզ մեթոդով: Պարզապես նա իր հիվանդներին սովորեցնում և պարտադրում էր առավոտյան և երեկոյան կրկնել հետևյալ արտահայտությունը. <<Ամեն օր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում>>: Այս արտահայտությունը հիվանդները պետք է սիրով և համոզվածությամբ կրկնեին առավոտյան և քնելուց առաջ: Ամեն անգամ երկու րոպե:Բոլոր նրա հիվանդներն առողջանում էին: Բժիշկները սկզբում չէին հավատում, չէին ընդունում նրա մեթոդը, բայց հիվանդներն առողջանում էին: Հետագայում փաստացի հաստատվեց նրա այս մեթոդի արդյունավետությունը, և այն կիրառվեց:

Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>> 


Նապոլեոնի հաղթանակների գաղտնիքը

Երբ երիտասարդ փառասեր գեներալ Նապոլեոնը ղեկավարեց իտալական բանակը, այն աղետալի վիճակում էր: Բանակը բացարձակապես փող չուներ` անգամ նամակ ուղարկելու: Զինվորների մի մասը ոտաբոբիկ էր, իսկ մյուս մասի հագին էլ հնամաշ ու պատառոտված շորեր էին: Նրանք ավելի շատ տնանկ մարդկանց էին հիշեցնում, քան զինվորների:
Նա վերջ դրեց գողությանն ու թալանին: Նա գնդակահարում էր գողություն անողին, իսկ ամենակարևորը պատմական այն որոշումն էր, որ նա կայացրեց. <<Արգելել սպային զինվոր ծեծել>>:
Եթե սպան հարվածեր զինվորին, անկախ նրա ձեռքբերումներից` տեղում գնդակահարվում էր: Նա հրաման արձակեց, որով արգելվում էր բռնությունը, և օրենքը խախտողին գնդակահարություն էր սպառնում: Նա ընդամենը արգելեց ֆիզիկական ճնշումը, ստորացումը, փոխարենը ներշնչում էր զինվորին իր բանակի նկատմամբ վստահություն, հպարտություն: Նա լավ գիտեր, որ եթե մարդուն զրկես արժանապատվությունից, նա հերոս չի դառնա: Իսկ բանակը նրա այդ արարքին պատասխանում էր սիրով և հաղթանակներով, նրանք հաղթում էին ու հաղթում:
Դա եղել է երկու հարյուր տարի առաջ:
Ո՞րն էր Նապոլեոնի հաղթանակների գաղտնիքը:
Սերը և հարգանքը զինվորների նկատմամբ: Ով չգիտի նրա այն արտահայտությունը, որը հրաշքներ էր գործում. <<Զինվորի ուսապարկում է գտնվում մարշալական գավազանը>>: Նա ամեն մի զինվորի մեջ տեսնում էր վաղվա հրամանատարին և հերոսին: Նա սիրում էր զինվորներին, և այդ սերը փոխադարձ էր: Ահա թե ինչ է անում սերը:

Հեղինակ` Էմմա Տանանյան

Աղբյուր` << Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները>> 


Քննադատության դրական կողմը

Օճառի արտադրությամբ զբաղվող խոշորագույն Քոլգեյթ-Փալմոլիվ ընկերության նախագահ Ե. Լիթլը նախկինում օճառավաճառ էր։ Նա միշտ խնդրում էր իր գնորդներին, որ իրեն քննադատեն։ Երբ նա սկսել էր օճառ վաճառել, պատվերների թիվը շատ ցածր էր։ Նա վախենում էր, որ աշխատանքը կկորցնի։ Բայց քանի որ գիտեր, որ օճառը լավորակ է, իսկ գինն ընդունելի, ապա որոշեց, որ մեղավորը ինքն է։ Երբ նրան չէր հաջողվում օճառի խմբաքանակը վաճառել, նա քայլում էր փողոցով` փորձելով հասկանալ դրա պատճառը։ Երբեմն նա վերադառնում էր գնում չկատարած հաճախորդի մոտ ու հարցնում.
<<Ես եկել եմ ոչ թե կրկին ապրանք առաջարկելու, այլ խորհուրդ կամ քննադատություն լսեմ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է իմ սխալը, երբ մի քանի րոպե առաջ եկա ու օճառ առաջարկեցի ձեզ։ Դուք ինձնից շատ ավելի փորձառու եք ու հաջողակ։ Խնդրում եմ անկեղծորեն ասեք ձեր դիտողությունները։
Դրա շնորհիվ նա մտերմացավ այդ մարդկանցից շատերի հետ և օգտակար խորհուրդներ ստացավ։

Հեղինակ`Դեյլ Քարնեգի

Աղբյուր`<<Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ>> 


Ուինսթոն Չերչիլի աշխատունակության գաղտնիքը

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Ուինսթոն Չերչիլը, որը 70 տարեկան էր, կարողանում էր տարիներ շարունակ աշխատել օրական 16 ժամ` ղեկավարելով Անգլիայի ռազմական գործողությունները։ Ո՞րն էր նրա աշխատունակության գաղտնիքը։ Ամեն առավոտ մինչև ժամը 11-ը նա աշխատում էր անկողնում, կարդում էր հաշվետվությունները, թելադրում հրամաններ, զրուցում հեռախոսով, կարևոր խորհրդակցություններ անցկացնում։ Ցերեկվա ճաշից հետո նա պառկում էր ու մեկ ժամ քնում։ Երեկոյան նա դարձյալ քնում էր երկու ժամ ընթրիքից առաջ, որը մատուցվում էր ժամը 20-ին։ Նա չէր բուժում հոգնածությունը։ Բուժելու կարիք չկար։ Նա կանխում էր այն։ Եվ քանի որ հաճախ էր հանգստանում, ապա մշտապես կարողանում էր աշխատել, իրեն թարմ, առույգ էր զգում կեսգիշերից շատ անց։

Հեղինակ`Դեյլ Քարնեգի

Աղբյուր`<<Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ>> 

 

 

Ոչ ոք չի խփում սատկած շանը 

1929 թվականին տեղի էր ունեցել մի իրադարձություն, որը իրարանցում էր առաջադրել Ամերիկայի համալսարանական շրջաններում: Դրանից մի քանի տարի առաջ Ռ. Հաթչինս անունով մի երիտասարդ ավարտել էր Եյլի համալսարանը` ուսումը համատեղելով մատուցողի, կրկնուսույցի, պատրաստի հագուստ վաճառողի աշխատանքի հետ: Իսկ այժմ` ութ տարի անց, նա հանդիսավորությամբ նշանակվել էր ԱՄՆ-ի իր վարկով չորրորդ` Շիկագոյի համալսարանի ռեկտորի պաշտոնում: Լրացել էր ընդամենը նրա 30 տարին:
Տարեց ուսուցչապետերն օրորում էին գլուխները: Համատարած քննադատություն էր տեղում այդ <<հրաշամանուկի>> վրա: Ասում էին, թե նա շատ երիտասարդ է, անփորձ, ծիծաղում էին կրթության բնագավառի նրա գաղափարների վրա: Նույնիսկ մամուլն էր միացել հարձակումներին: Նրա նշանակման օրը նրա բարեկամներից մեկը Ռ. Հաթչինսի հորն ասում է. <<Ես ցնցված եմ առավոտյան լրագրում կարդալով խմբագրական հոդվածը, որը լուտանք է թափել ձեր որդու վրա>>:
<<Այո, դա դաժան է,- ասում է Հաթչինս ավագը, - բայց հիշեք`ոչ ոք երբեք չի խփում սատկած շանը>>:
Հենց այդպես էլ կա, և ինչքան շունը հեղինակավոր է, այնքան ավելի մեծ գոհունակությամբ են նրան խփում մարդիկ:

Հեղինակ`Դեյլ Քարնեգի

Աղբյուր`<<Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ>> 

 

Ուելսի արքայազնին ուղղված քննադատության պատճառը

Ուելսի արքայազնը, որը հետագայում դարձել էր Էդվարդ VIII, մի լավ ծեծ էր կերել:
Նա հաճախում էր Դորտմունդի ծովային ուսումնարանը: Արքայազնը տասնչորս տարեկան էր: Մի անգամ սպաներից մեկը նրան տեսնում է լացելիս և հարցնում է դրա պատճառը: Արքայազնը նախ չի ուզում ասել, բայց հետո խոստովանում է, որ ուսումնարանի սաները  ծեծել են իրեն:
Քոլեջի տնօրենը հավաքել էր ուսումնարանի սաներին և ասել, որ թեև արքայազնը չի բողոքել, այդուհանդերձ ինքը կցանկանար իմանալ, թե ինչն է նման վերաբերմունքի պատճառը: Սաները երկար չեմուչում անելուց հետո խոստովանել էին, որ իրենք ուզում էին, որպեսզի ապագայում, երբ իրենք դառնային նավատորմի սպաներ, կարողանային ասել, որ ծեծել են թագավորին:
Ուստի, երբ ձեզ ծեծում կամ քննադատում են, հիշեք, որ հաճախ դա ծեծողին կամ քննադատողին կարևորության զգացում է հաղորդում: Դա հաճախ նշանակում է, որ դուք հասել եք ինչ-որ կարևոր բանի և արժանի եք ուշադրության:

Հեղինակ`Դեյլ Քարնեգի

Աղբյուր`<<Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ>> 

 

Փիրիին ուղղված թաքնված գովեստը 

Բևեռախույզ ծովակալ Փիրին ցնցեց աշխարհը, երբ 1909 թվականին շներով լցված սահնակով հասավ Հյուսիսային բևեռ: Նա հազիվ կենդանի մնաց սովից ու ցրտից: Ոտքերի ութ մատները ցուրտը տարել էր և հարկ եղավ դրանք հատել: Ապրումներն այնպիսին էին, որ նա քիչ էր մնում խելագարվեր: Իսկ Վաշինգտոնում նրա վերադաս ավագ սպաները զայրույթից այրվում էին` նախանձելով այն ժողովրդականությանը, որ ձեռք եր բերել Փիրին: Նրան մեղադրեցին, որ նա փող էր հանգանակել գիտական հետազոտություններ կատարելու համար, իսկ դրա փոխարեն <<զովանում էր և պարապ ժամանակ անցկացնում Արկտիկայում>>:
Եվ նրանք հավանաբար հավատում էին դրան, քանի որ անհնար է չհավատալ այն բանին, ինչին ուզում ես հավատալ: Փիրիին նվաստացնելու այդ ցանկությունը այնքան ուժեղ էր, որ միայն նախագահ Մըք Քինլիի անմիջական միջամտությունը Փիրիին հնարավորություն տվեց շարունակելու իր գործունեությունը Արկտիկայում:
Եթե ձեզ վշտացնում է անարդարացի քննադատությունը, ապա հիշեք, որ դա հաճախ թաքնված գովեստ է:

 Հեղինակ`Դեյլ Քարնեգի

Աղբյուր`<<Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ>> 

 

Լինքոլնի վերաբերմունքը քննադատության հանդեպ

Լինքոլնը կարող էր չդիմանալ քաղաքացիական պատերազմի լարվածությանը, եթե չհասկանար, որ պետք չէ պատասխանել բոլոր մեղադրանքներին, որոնք հեղվում էին նրա վրա: Նրա վերաբերմունքը քննադատությանը դարձել էր դասական: Չերչիլը այն զետեղել էր շրջանակի մեջ և կախել իր աշխատասենյակի պատին: Ահա թե ինչ էր ասում Լինքոլնը`<<Եթե ես փորձեի  կարդալ և թեկուզ մասամբ պատասխանել այդ կատաղի քննադատությանը, ապա ոչ մի այլ բանի ժամանակ չէր մնա: Ես վարվում եմ այնպես, ինչպես անհրաժեշտ եմ համարում, և անընդհատ այդպես եմ վարվելու: Եվ եթե ի վերջո պարզվի, որ ես իրավացի էի, ապա այն ամենը, ինչ ասվել էր իմ դեմ, ոչ մի նշանակություն չի ունենա: Իսկ եթե պարզվի, որ ես իրավացի չէի, ապա տասը հրեշտակ էլ երդվեին, որ ես իրավացի եմ, ոչինչ չէր փոխվի>>:
Եթե ձեզ անարդարացիորեն քննադատում են, ապա վարվեք այնպես, ինչպես ամենից ճիշտ եք համարում, իսկ հետո ձեր գլխին բացեք հին անձրևանոցը, որպեսզի քննադատության անձրևը ձեր վրայից դուրս թափվի:

Հեղինակ`Դեյլ Քարնեգի

Աղբյուր`<<Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ>>