Նվերներ մատուցելու արվեստը


39.jpgՆվերի էության ընկալման մեջ իրենց ներդրումն են ունեցել և՛ Զ. Ֆրեյդը, և՛ Մ. Միդը, և՛ Ի. Գյոթեն: Կարելի է ասել, որ այսօր նվերի տեսությունը կազմում է առանձին թեմա: Այն կապված չէ ո՛չ էթիկայի, ո՛չ նվիրատվության նոր ձևերի, ո՛չ նվերների տեսականու փոփոխության, ո՛չ էլ դրանց օգտակար լինելու կամ չլինելու հետ, այլ միայն նվիրողի և ստացողի հոգեբանության հետ: Մենք բոլորս էլ այդ ամենը սիրում ենք, սակայն պարզվում է, որ կատարում ենք տարբեր կերպ՝ կախված նրանից, թե որ հոգեբանական տեսակին ենք պատկանում: Յուրաքանչյուր մարդու կարելի է բնութագրել որպես ինտրովերտ և էքստրավերտ, ինչպես նաև՝ խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ: Բայց գոյություն ունի նաև այլ՝ նվերի տեսությանն ու գործածությանն ավելի համապատասխան աստիճանավորում. կինեստետիկներ, որոնք աշխարհն ընկալում են «շոշափելով», վիզուալներ, որոնց համար կարևորը տեսողական ընկալումն է, աուդիալներ, ովքեր կարևորում են շրջապատողներին լսելը, և դիսկրետներ՝ «խխունջ»-մարդիկ, որոնք ձգտում են մեկուսանալ աշխարհից:
Մարդու առավել տարածված տեսակը կինեստետիկներն են (բնակչության 40%): Գիտնականները պնդում են, որ նրանց ճանաչելը  բավականին հեշտ է. այս մարդկանց ժեստերն ուղղված են դեպի իրենց, շփման ընթացքում նրանք կարող են չնայել զրուցակցին, բայց անընդհատ կդիպչեն նրան ձեռքով: Նրանց թվում է, թե այս կերպ վերահսկում են իրենց հանդեպ ուշադրությունը: Սովորաբար կինեստետիկները շատ նուրբ և զգայուն անձինք են, ընտանիքին նվիրված մարդ և վստահելի ընկեր: Զգացմունքների արտահայտման մեջ նրանք բաց են: Կինեստետիկների 70 %-ը էքստրավերտ են: Կինեստետիկների համար իդեալական նվերներ են տաք բաները՝ այս բառի բուն և փոխաբերական իմաստով. սվիտեր (իդեալական կլինի, եթե դուք ինքներդ այն գործեք), թխվածք (տանը պատրաստված), մոմ՝ փայտյա կամ կերամիկական մոմակալով կամ լուսատու՝ տաք կարմրադեղին երանգներով: Անցանկալի նվերներն են՝ ձեռնոցները. դրանք արգելափակում են աշխարհի և ձեզ հետ կապը, նկարները. տիրոջ ուշադրությունը զբաղեցնում են միայն մի քանի րոպեով, այն ամենն, ինչ պատրաստված է ապակուց, երկաթից և այլ սառը մետաղներից:
Վիզուալները բավական տարածված խումբ են՝ 30%: Այս մարդկանց համար աշխարհի հետ գլխավոր կոնտակտը տեսողականն է: Վիզուալը նայում է զրուցակցի աչքերի մեջ և նույնը պահանջում նրանից: Նա համոզված է, որ իրեն լսում են միայն այն ժամանակ, երբ նայում են իրեն: Վիզուալները տանել չեն կարողանում հպումներ, առավել ևս գրկախառնումներ, ինչպես նաև այն ամենն, ինչ խախտում է իրենց անձնական տարածքը: Հաճախ թվում է, թե նրանք ինքնահավան ու գոռոզ են, չնայած, որ դա միշտ չէ այդպես: Այս տեսակի մարդիկ արվեստի մեծ գնահատողներ են, այդ իսկ պատճառով իրը նրանց համար առաջին հերթին պետք է լինի գեղեցիկ և նրբաոճ: Դրա գործնական օգտակարությունը ամենաքիչն է գնահատվում վիզուալի կողմից: Այսպիսի մարդու համար նվեր ավելի լավ է ընտրել գեղարվեստական սրահներում, որտեղ կարելի է գտնել եզակի և յուրահատուկ իր: Վիզուալին, ի դեպ, դուր կգան ֆոտոխցիկը և լուսանկարման այլ պարագաները:
Դիսկրետները կազմում են բնակչության միայն 20%-ը: Մարդկանց բարդ, ամբողջովին փակ տեսակ` որոշակի բարդույթներով: Նրանք վախենում են շփումից և ենթագիտակցաբար խզում են իրենց կապերն աշխարհի հետ: Մարդկանց այս տեսակից ստացվում են մեծ շախմատիստներ և հետազոտող գիտնականներ. նրանք հավաքված են և ճշգրիտ, սակայն ծայրահեղ զգայուն: Տանել չեն կարողանում, երբ խոսքի մեջ շոշափվում է իրենց անձնական կյանքը, չափազանց էմոցիոնալ են և հիվանդագին խոցելի: Նրանց կվիրավորի նաև անձնական կարգի նվերը, ինչպիսին են, օրինակ օծանելիքը կամ ածելին, չարժե նաև նրանց նվիրել հեռախոս, էջագրիչ (пейджер) և այլն: Ավելի լավ կլինի, եթե նվիրեք կոնֆետներ և մրգեր, արվեստի վերաբերյալ ալբոմներ կամ հյուսքի թելեր:  
Եվ վերջապես, մարդու ամենահազվադեպ տեսակը` աուդիալը (10%): Ինչպես հասկանալի է անվանումից, աուդիալներն աշխարհն ընկալում են հիմնականում լսողությամբ: Այս խմբի ներկայացուցիչներն ունեն զարմանալի սուր լսողություն և արտակարգ հիշողություն: Նրանք պատմվածքի փոքրագույն մանրամասները հիշող, հիասքանչ ունկնդիրներ են, սակայն վիրավորվում են, երբ իրենց ընդհատում են: Այս տիպի մարդկանցից ստացվում են տաղանդավոր երաժիշտներ և մանկավարժներ: Բնականաբար, աուդիալի համար լավագույն նվերը սիրված երաժշտությամբ կոմպակտ-դիսկերն (CD) են կամ երաժշտություն ունկնդրելու մեխանիզմները` փլեյեր, մագնիտոֆոն, երաժշտական կենտրոն և այլն: 
Նվեր ընտրելիս հաճախ հաճելի է գիտակցել այն, որ դրա շնորհիվ մենք այդքան դրական հույզեր ենք պարգևում: Կարևոր է ոչ թե բուն իրը, այլ այն մատուցելու այդքան պարզ և միաժամանակ անկրկնելի գործընթացը, արարողությունը: Դա սպասումների և հիացմունքի անսովոր զգացում է, որ պարգևում է մեզ այդ արարողությունը` անկախ տարիքից, սեռից, սոցիալական դիրքից և այլն: Որքա՜ն հեշտ է մարդուն դարձնել փոքր-ինչ ավելի երջանիկ` իրականացնելով նրա ցանկությունը նվերի միջոցով: Այնուամենայնիվ, լավագույնը միշտ եղել է և կա այն նվերը, որում Դուք թողել եք Ձեր և ձեր ջերմության մի մասնիկը: Նվիրեք շրջապատողներին ձեր սերը, ջերմությունն ու երջանկությունը` նրանց մատուցելով նվերներ սրտանց և ամենայն անկեղծությամբ:    

 

 


Մեկնաբանություններ (1)

Anahit
Մեկնաբանությունը թողել է 12-28-2012 At 01:51 pm

Իսկապես նվեր մատուցելը դա արվեստ է և ցանկության դեպքում բոլորն էլ կարող են սովորել դա գեղեցիկ և ճիշտ մատուցել: Շատ հետաքրքիր հոդված էր և ամենակարևորը`օգտակար: Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ))))):

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: