Հետծննդյան դեպրեսիա

 

32.jpgԵրեխայի ծնունդը անասանելի երջանկություն է պարգևում ոչ միայն նրա ծնողներին, այլև բոլոր նրանց, ովքեր սպասում էին այդ օրվան անհամբերությամբ ու անհանգստությամբ: Եվ ահա, լույս աշխարհ է գալիս փոքրիկը, սակայն համընդհանուր երջանկության փոխարեն երբեմն երիտասարդ մոր մոտ սկսվում է ապատիա, լարվածություն և հոգնածություն, որն էլ դժվար է խոստովանել ոչ միայն մտերիմներին, այլև ինքն իրեն:
Ողջ աշխարհում կանանց 15%-ը տառապում է հետծննդյան դեպրեսիայից: Ահա, թե ինչպես են նրանք նկարագրում իրենց վիճակը.

- Դժբախտության զգացում

- Մշտական հոգնածություն, ուժասպառություն, քնի խանգարումներ

- Ախորժակի բացակայություն կամ ակնհայտ շատակերություն

- Սեռական հարաբերություններ ունենալու ցանկության կորուստ

- Վատ մայր լինելու, ամեն ինչ սխալ անելու զգացողություն

- Երբեմն նորածնի հետ մենակ մնալու վախի և խուճապի զգացողություն

Հաճախ հետծննդյան դեպրեսիան ի հայտ է գալիս ոչ միանգամից, այլ ծննդաբերությունից 3-4 շաբաթ, իսկ ոմանց մոտ` կես տարի հետո:

Ինչո՞ւ է առաջանում հետծննդյան դեպրեսիան

Հստակ պատճառը դեռ բացահայտված չէ, սակայն որոշ չափով այն կապված է ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում կատարվող հորմոնալ վերակազմավորման հետ: Իհարկե գոյություն ունեն դրա առաջացմանը նպաստող նաև այլ գործոններ.

- Կինը նախկինում դեպրեսիա է ապրել

- Նա ունի ամուսնու (զուգընկերոջ) հետ կապված լուրջ խնդիրներ

- Երեխան ծնվել է թերհաս, հիվանդ

- Նա վերջերս կորցրել է մտերիմ մարդու

-Կնոջ դժվարին մանկության տպավորությունները չեն ջնջվում նրա հիշողությունից

Ինչո՞ւ է հետծննդյան դեպրեսիան հազվադեպ բացահայտվում

Դա կապված է այս հարցով համապատասխան մասնագետի հազվադեպ օգնության դիմելու հետ: Անգամ եթե երիտասարդ մայրն իր մեջ նկատում է դեպրեսիայի նախանշաններ, սեփական չիմացությունից ելնելով՝ նա  հաճախ իր այդ վիճակը շփոթում է հետծննդյան պսիխոզի հետ, որն արդեն բուժում է ոչ թե հոգեբանը, այլ հոգեբույժը՝ հակադեպրեսանտներ նշանակելով, և քանի որ կերակրող մորն արգելված են դեղահաբերը, նա իր համար այս հարցն ամբողջովին փակված է համարում` երկար ամիսներ տանջվելով հոգեկան ծանր ապրումներից:
Հոգեբանական օգնությանը կանայք հաճախ չեն հավատում՝ գտնելով որ սեփական խնդիրները կարող են և պետք է քննարկեն միայն ընկերուհիների կամ հարազատների հետ:

Ինչպե՞ս է ազդում հետծննդյան դեպրեսիան երեխայի զարգացման վրա

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ հետծննդյան դեպրեսիվ վիճակում գտնվող մոր համար դժվար է իր փոքրիկի հետ կապվածություն հաստատել և տալ նրան անվտանգության և պաշտպանվածության զգացողություն: Այդ վիճակում գտնվող կինը  հաճախ ինքնամփոփ է դառնում, իրեն զգում է հոգնած և դժբախտ, երեխայի հետ շփումից հաճույք չի ստանում: Հետևաբար աշխարհը մոր միջոցով ընկալող երեխան էլ անվտանգություն չի զգում: Այդ դեպքում նորածնի մոտ առաջանում է վարքագծի իրար հակասող 2 դրսևորում`

  1. «Անհանգիստ» - նման նորածինները մշտապես դժգոհ են, շատ են լացում, վատ են քնում և ուտում, լարված են, շատ զգայուն, հաճախ են հիվանդանում: Մայրը գրեթե չի կարողանում անգամ մեկ րոպեով բացակայել, քանի որ նրան անընդհատ հետապնդում է մանկական ճիչը:
  2. «Հանգիստ» - անտարբերության աստիճանի հասնող չափազանց հանգիստ,  նորածիններն են: Նրանց հայացքը հաճախ սփռված է տարածության մեջ, լուռ են, ոչ պահանջկոտ, իրենց հասակակիցներից ավելի պակաս հետաքրքրասեր են:

Հետագայում, պահվածքի այս կամ այն ռազմավարությամբ երեխաները կարող են մեծ դժվարություններ ունենալ մանկապարտեզին հարմարվելու առումով (շատ են լացում կամ իրենց վատ են պահում), իրենց համար դժվար է ներգրավվել հասարակության մեջ, կարող են ունենալ անհիմն վախեր, շփման հաստատման բարդություններ, ինչպես նաև այլ վարքագծային խնդիրներ:

Բուժվո՞ւմ է արդյոք հետծննդյան դեպրեսիան

Իհարկե այո՛: Շատ կանայք այդ վիճակից դուրս են գալիս ինքնուրույն, չնայած երբեմն դա կարող է տևել մեկ կամ երկու տարի: Այդ պատճառով, որքան մայրը շուտ դիմի համապատասխան մասնագետի օգնությանը, այնքան շուտ իրեն ավելի լավ կզգա:

Ի՞նչն է օգնում հաղթահարել հետծննդյան դեպրեսիան

Երիտասարդ մայիրիկին շատ կարևոր է գիտակցել այն փաստը, որ ինքը դեպրեսիա է ապրում: Նա չպետք է մտածի, թե խելագարվում է կամ «վատ մայր» է, և միայն այդ դեպքում նա կկարողանա իր վիճակը քննարկել համապատասխան մասնագետների հետ:  
Հետծննդյան դեպրեսիայի մեջ գտնվող կնոջը շատ օգտակար է սեփական ապրումների մասին նման վիճակում հայտնված այլ մայրիկների հետ կիսվելը:
Երիտասարդ մայրիկներ, մի՛ դադարեք շփվել, խոսե՛ք այն մասին, թե ինչն է ձեզ մտահոգում և տանջում: Համացանցում այս թեմայով կայքերի մեծ ընտրանի կա, և բազում մայրիկներ դրանք շատ օգտակար են համարում: Փորձեք ձեր շրջապատում գտնել երախտապարտ ունկնդրի. գուցե դա լինի ձեր մայրը, քույրը կամ ընկերուհին: Սակայն դա, իհարկե, չի բացառում մասնագիտական օգնությունը:
Հետծննդյան դեպրեսիան երեխայի զարգացման վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում հատկապես նորածին ժամանակ: Կյանքի հենց առաջին ամիսների ընթացքում է երեխան առավել զգայուն մոր կարգավորիչ վարքագծի խախտման հանդեպ, որն ի հայտ է գալիս վերջինիս դեպրեսիայի արդյունքում: Այդ իսկ պատճառով էլ պարզապես անհրաժեշտ են մոր և երեխայի միջև դրական հարաբերությունների զարգացմանն ուղղված հատուկ ծրագրերի ստեղծումն ու իրականացումը: Երիտասարդ մայրը պետք է ունենա հաճախ հանգստանալու հնարավորություն: Երեխայի խնամքից բացի, կան նաև հաճույք պատճառող այլ բաներ: Հոգեհարազատ զբաղմունքին տրամադրած օրական մեկ-երկու ժամը (սպորտ, ասեղնագործություն, զբոսանք առանց երեխայի, շոփինգ, ֆիլմեր, գրքեր) շատ դրական կարող են ազդել դեպրեսիայի մեջ գտնվող կնոջ հոգեվիճակի վրա:

Ի՞նչ անել երիտասարդ հայրիկին

Որպեսզի ամուսնու հետ հարաբերությունները փակուղի չմտնեն, պետք է դրանց մասին բացեիբաց խոսել: Տղամարդկանց համար շատ կարևոր է զգալ, որ իրենց կարիքն ունեն: Եթե երիտասարդ հայրը ոչինչ չգիտի հետծննդյան դեպրեսիայի մասին, ապա նրան դժվար է հասկանալ կնոջ հոգեվիճակը. այդ դեպքում նա իրեն ոչ պետքական և մերժված է զգում: Շատ ամուսիններ սկսում են մտածել, թե իրենց հիմնական խնդիրը ընտանիքին ֆինանսապես ապահովելն է և իրենց ամբողջովին հեռու են պահում ընտանեկան այլ հարցերով զբաղվելուց` չմասնակցելով երեխաների դաստիարակությանը: Մշտապես դժգոհ կինը երիտասարդ հոր մեջ նախ առաջացնում է մեղքի զգացում, այնուհետև` զայրույթ: Նա փորձում է անել այն ամենն, ինչ կարող է, սակայն չի ստանում երախտագիտություն ու աջակցություն, իսկ եթե նրան ուղարկում են մեկ ուրիշ սենյակ, վերջինիս վիճակն ավելի է վատթարանում: Արդյունքում՝ մտքեր չհաջողված ընտանեկան կյանքի վերաբերյալ և մխիթարանքի որոնում: Քիչ չեն երեխայի ծնունդից հետո հենց առաջին տարում պառակտված ընտանիքների թիվը, ինչի հիմնական պատճառներից մեկն էլ հենց չհաղթահարված հետծննդյան դեպրեսիան է և դրա հետևանքները:


Մեկնաբանություններ (0)

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: