Ինչու՞մն է պատճառը, որ մենք մեզ բավականաչափ չենք սիրում: Ինչպե՞ս սիրենք ինքներս մեզ: Ինչու՞ ենք բոլորս այդքան առաջադեմ ինքներս մեզ և ուրիշներին քննադատելու ու նախատելու հարցում: Եթե Դուք հարց եք տալիս ինքներդ Ձեզ՝ «Ինչպե՞ս սիրել ինքս ինձ», դա նշանակում է, որ Դուք արդեն հասկացել եք, որ կյանքում երջանիկ լինելու համար նախ և առաջ հարկավոր է սիրել ինքդ քեզ:
Ինչո՞ւ ինքներս մեզ բավականաչափ չենք գնահատում
Ինքներս մեզ բավականաչափ չենք գնահատում այն պատճառով, որ մեր «Ես»-ը լի է ինքնաքննադատությամբ, ինքնավերլուծությամբ ու դժգոհությամբ սեփական անձից և ուրիշներից (մարդը դժգոհ է ուրիշներից այն ժամանակ, երբ դժգոհ է ինքն իրենից): Ընդունված կարծիք կա, որ եթե մարդն ունի շատ բարձր ինքնագնահատական, ուրեմն նա չափազանց եսասեր է: Սակայն, հաճախ շատ բարձր ինքնագնահատականը կապված է ինքդ քեզ իրականում տեսնելու և ընդունելու մեծ վախի ու ցավի հետ:
Որտեղի՞ց է առաջանում ինքնադժգոհությունը
Երբ երեխան ծնվում է, ծնողներն արդեն իսկ ունեն իրենց որոշակի պատկերացումներն այն մասին, թե ինչպիսի խառնվածք, բնավորություն, սովորություններ կունենա իրենց երեխան: Նրանց վրա է ծանրանում իրենց և իրենց ծնողների չիրականացված երազանքների, ցանկությունների, ամբիցիաների բեռը (այդպես է լինում սերնդեսերունդ): Եվ մինչ երեխան մեծանում և զարգանում է (իսկ նա դա անում է ի՛ր ձևով), ծնողները դժգոհում են, հիասթափություն են ապրում և, բախվելով իրենց անիրազեկության հետ, չեն կարողանում հասկանալ իրենց երեխայի իրական ցանկություններն ու համատեղել դրանք սեփական ցանկությունների հետ: Այդպիսի փոքրիկ կոնֆլիկտները կուտակվում են` ազդելով երեխայի ինքնազգացողության ու աշխարհայացքի վրա: Նա անընդհատ զգում է ծնողների դժգոհությունը:
Ինչու՞ է այդքան բարդ ծնողներին գոհացնելը
Երեխան ձգտում է նրանց գոհացնել, բայց ամեն դեպքում դա նրա մոտ չի ստացվում միայն այն պատճառով, որ նա «ուրիշ» է (այնպիսին չէ, ինչպիսին մայրիկը կամ հայրիկը): Երեխան տխրում է, հոգու խորքում կարող է տարբեր որոշումներ կայացնել (որոշումները կայացվում են անգիտակցաբար, զգացմունքների մակարդակով): Այնուհետև, երեխան մեծանալով, սկսում է վերլուծել, համեմատել և բացատրություններ հորինել այդ մանկական որոշումների համար: Օրինակ՝ «Ես այնպիսին չեմ, ինչպիսին որ պետք է լինեի, որովհետև…».
Ինչպիսի բացատրություններ էլ երեխան ինքն իր համար հորինի, նա, միևնույն է, փնտրելու է այդ մտքերի հաստատումը շրջապատի մրադկանցից: Նրա մոտ առաջանալու են այնպիսի «զտիչներ», որոնք անցկացնում են նրա բանականություն միայն այն, ինչը հաստատում է այդ բացասական դատողություններն իր մասին: Այդ ամենը ճիշտ հասկանալու համար հարկավոր է հիշել, թե ինչ էին ասում Ձեր ծնողները Ձեր մասին:Կարող եք կազմել համապատասխան ցուցակ` գրելով Ձեզ ուղղված բոլոր այն խոսքերը, որոնք ցավ ու տհաճություն են պատճառել մանկության տարիքում: Մտածեք, թե ինչպես է այդ ամենն ազդում Ձեզ վրա ներկայումս: Համենայնդեպս, եթե Դուք դա հաճախ հիշում եք, ուրեմն դա մինչ այժմ ազդում է Ձեզ վրա: Դա Ձեր ուշադրության կենտրոնում է: Հնարավոր է, որ Դուք Ձեր ծնողներին կամ շրջապատին ապացուցում եք, որ դա այդպես չէ, բայց հոգու խորքում մենք գրեթե միշտ համաձայն ենք մեր ծնողների հետ:
Ի՞նչն է այսօր մեզ համար առավել շահավետ
Իրավիճակի դրական կողմը կայանում է նրանում, որ մենք արդեն մեծացել ենք և գերազանց գիտակցում ենք, թե ինչ է մեզ հետ կատարվում և ինչն է մեզ համար կյանքում առավել շահավետ. ինքներս մեզ փնովե՞լ, թե՞ սատարել և գովաբանել: Բավակա՛ն է ետ նայել, այն բացասական մտքերին ինքներդ Ձեր մասին, որոնք ձևավորվել են վաղ մանկության տարիքում: Կարելի է հենց այս պահից սկսած անել այն ամենն, ինչ Ձեր կյանքը կդարձնի ավելի գեղեցիկ ու սիրով կլցնի ինքներդ Ձեր հանդեպ:
Ինչպե՞ս սիրել ինքդ քեզ
Այդ ճանապարհը սկսվում է փոքրիկ քայլերից: Սկսեք նկատել այն լավը, ինչ հիմա անում եք: Հաճախ ասացեք ինքներդ Ձեզ.
Թվարկումը շարունակեք ինքներդ: Դա այն ճանապարհն է, որտեղ Դուք կցանկանայիք հայտնվել` սիրո և երջանկության մեջ:
Կանգ առեք, երբ ինքներդ Ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ «Ինչ-որ բան այնպես չեք անում» կամ «Ինձ հետ ինչ-որ բան կարգին չէ»: Սովորեք մտքերի նոր բնույթին. «Ինձ հետ ամեն ինչ կարգին է»: Սկզբում այդ միտքը կհանգստացնի, իսկ որոշ ժամանակ անց կսկսի ուրախացնել և դրական էներգիա հաղորդել: Այդ ժամանակ շատ բաներ կփոխվեն Ձեր շուրջը միայն այն պատճառով, որ Ձեր ներսում կլինի շատ սեր, հիացմունք և ինքդ քեզ դրականորեն ընկալելու զգացողություն:
Ինչպես արդեն հասկացանք, ինքներս մեզ սիրելը (կամ չսիրելը) ձևավորվում է մանկության տարիքում՝ մեր զգացմունքների և ապրումների հիման վրա:
Եզրակացությունը, որը երեխան անում է, հաճախ չի արտացոլում այն խորը և անկեղծ սերը, որը զգում են ծնողները, միայն այն պատճառով, որ ծնողները չեն կարողանում ճիշտ (երեխայի տեսանկյունից) և ադեկվատ արտահայտել իրենց զգացմունքները:
Ի՞նչ մեզ չեն սովորեցրել մեր ծնողները
Ոչ ոք և երբևէ (կամ շատ հազվադեպ) մեր ծնողներին չի սովորեցրել ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները՝ չքայքայելով հարաբերություններն ու չվիրավորելով դիմացինին: Այն ամենը, ինչը նրանք կարողանում են (ով որքան կարողանում է), զսպել իրենց բացասական զգացմունքները, իսկ հետո դրանք <<թափել>> ամենամտերիմ մարդկանց վրա: Այդ դեպքերում երեխան չի հասկանում ծնողների դժվարությունները (նա դեռ ունակ չէ դա հասկանալ), այլ տեսնում է դժգոհություն, որն էլ և ընկալվում է նրա կողմից որպես իր հանդեպ ունեցած սիրո բացակայություն:
Ինչպե՞ս ենք մենք հաստատում մեր մասին ունեցած բացասական դիրքորոշումները
Այդ իմացությունը ամրապնդվում և հաստատվում է ամեն անգամ, երբ ծնողը բախվում է իր անձնական խնդիրների հետ (զգացմունքներն արտահայտելիս): Այդ զգայական փորձը և մանկական գլխավոր խնդիրը («Ով եմ ես և ինչպիսինն եմ») ինքդ քեզ և աշխարհն ավելի խորությամբ ճանաչելու գործընթացներից է, որը սկսվում է 8 տարեկանում և բուռն կերպով զարգանում դեռահասային տարիքում:
Անվերապահ սեր զգալու և դրսևորելու համար (չքննադատելով, չհամեմատելով, չգնահատելով), հարկավոր է այդպիսի փորձ ձեռք բերել դեռ մանկուց: Մենք դա ստանում ենք, սակայն ոչ այնքան, որքան կցանկանայինք: Այն չի հասցնում ամպրապնդվել զգացմունքների մակարդակով: Մենք ծնողներից առավել հաճախ ստանում ենք քննադատություն, համեմատություն և մեր գործողությունների անընդմեջ գնահատում: Ծնողների նման վարքը բացատրվում է իրենց մանկության տարիներին ունեցած նմանատիպ ապրումներով:
Ինչպե՞ս դուրս գալ ինքնաքննադատության, համեմատության և ինքնադժգոհության շրջանակից
Եթե Դուք ցանկանում եք դուրս գալ դժգոհության, քննադատության, համեմատության, գնահատանքի շրջանակից (ընդհանուր առմամբ, այդ պրոցեսը կոչվում է ինքդ քեզ չընդունել), ապա կարևոր է, որ հենց Դուք ընդհատեք այդ բացասական զգացմունքների և պրոցեսների շղթան: Այդ շրջանակի ներսում մենք միանշանակ չենք հասնի սիրո և հարգանքի ինքներս մեր նկատմամբ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է սովորել կառավարել սեփական զգացմունքները:
Ինչպե՞ս ընդհատել բացասական զգացմունքների շղթան
1.Կարևոր է սովորել ընդունել սեփական զգացմունքներն այնպիսին, ինչպիսին որ դրանք կան (գիտակցված լինել): Հարկավոր է ինքդ քեզ անկեղծ խոստովանել. «Ես բարկանում եմ», «Ես վախենում եմ», «Ես նյարդայնանում եմ», «Ես վիրավորվում եմ» և այլն: Կարևոր է սկսել «Ես» դերանունից: Դրանով Դուք կխոստովանեք, որ այդ զգացմունքները Ձե՛րն են, և դրանք Ձե՛ր խնդիրներն են: Դա հնարավորություն կտա անցնել հաջորդ քայլին:
2.Ինքդ քեզ ժամանակ տալ և այդ զգացմունքներն արտահայտելու հնարավորություն գտնել՝ չփչացնելով մարդկային փոխհարաբերությունները:
3.Կուտակված բացասական զգացմունքներն արտահայտելուց հետո առաջանում է ներքին տարածություն նոր զգացմունքի համար, այն զգացմունքի, որն իրականում կցանկանայիք ապրել` ուրախություն, քնքշություն, երջանկություն և սեր: Այդ ժամանակահատվածում Դուք կարող եք առավել խորությամբ հասկանալ, թե ինչ է Ձեզ համար սերը:
Հարցրեք ինքներդ Ձեզ՝ ինչ է Ձեզ համար սերը, ժամանակ տվեք Ձեզ, և պատասխանն անպայման կգտնեք: Այդժամ Դուք կկարողանաք տածել այդ գեղեցիկ զգացմունքը ոչ միայն ինքներդ Ձեր, այլ նաև ուրիշների հանդեպ:
Shat lav er meknabanvac. Es liovin hamadzayn em grvaci het. Erjanik linelu hamar mard anpayman petq e siri u @nduni iren aynpisin, inchpisin vor ka.
Chisht e, shat hachax tsnoxnern en aranc gitakcelu bacasakan azdecutyun toxnum irenc erexayi inqnagnahatakani vra...
Hamest, bayc miajamanak shat bovandakalic ev chashakov kayq e.
Iroq vor hoyakap kayq e. Evs mek angam anchap shnorhakalutyun.