Ինչպես նախապատրաստվել Ամանորին


38.jpgՄեզնից շատերն են երազում նոր կյանք սկսել հունվարի մեկից:Որպես կանոն, երազանքներն այդքան շուտ չեն իրականանում. հունվարի 1-ը մեզ հանկարծակիի է բերում այնպիսի խառնաշփոթությամբ, որ ոչ մի նոր կյանքի մասին մտածելու ցանկություն չի լինում: Սակայն անցնում է տարին, և մենք, մոռանալով  մեր տխուր փորձը,  կրկին կառուցում ենք բազմերանգ ծրագրեր: Բանն այն է, որ նոր կյանքին անպայման պետք է նախապատրաստվել` անցնող տարվա գոնե վերջին շաբաթում: Տանք ընդամենը, այսպես ասած, հոգեբանական բնույթի մի քանի խորհուրդ:
Խորհուրդ է տրվում դրա համար հատկացնել որոշակի ժամանակահատված և հայացքն ուղղել դեպի սեփական ներաշխարհ: Վերհիշեք, թե ինչ եք Դուք արել անցած տարվա ընթացքում: Հավանաբար եղել են և՛ հաջողություններ, և՛անհաջողություններ: Միգուցե ինչ-որ բան արդեն հղկվել է, բայց կան նաև բաներ, որոնցից ժամանակն է բաժանվել: Կարելի է անգամ ցանկ կազմել այն անձնային որակների և մշտապես կրկնվող սխալների, որոնք կցանկանայիք թողնել անցյալում: Ի դեպ, հոգեբանները խորհուրդ են տալիս օգտագործել սիմվոլիկան, ինչը կիրառվում է որոշ մշակույթներում: Օրինակ` Դուք ցանկանում եք բաժանվել Ձեր` որպես սեփական հաջողությանը չհավատացող մարդու կերպարից: Հավանաբար կա ինչ-որ հագուստ, որը համապատասխանում է այդ կերպարին: Ինչո՞ւ այն դեն չնետել հիմա և ազատել ինքներդ Ձեզ դրանից: Որքան էլ տարօրինակ թվա, նման գործողությունը կարող է մեծ դեր խաղալ, քանի որ  այդ դեպքում իր դրական ազդեցությունն է թողնում ոչ միայն հոգեբանական բաղադրիչը, այլև իրական գործողությունը:Եվ ընդհանրապես, միգուցե արժե վերանայել բոլոր հին իրերը. չէ՞ որ դրանցից շատերը հավանաբար Ձեզ այլևս պետք չեն լինի: Ենթադրենք` փոխել եք ձեր մասնագիտությունը, և նախորդից մնացել է մի շարք գրականություն և այլ առարկաներ: Կարելի է այդ ամենը տալ որևէ մեկին` ձեզ մոտ պահելով միայն ամենակարևոր և հիշարժան իրերը: Նայե՛ք, միգուցե հագուստից կա մի բան, ինչը ձեզ հիշեցնում է տհաճ իրադարձությունների մասին և ստիպում սպասել նման բանի հաջորդ տարում: Ազատվեք դրանից: Կատարելով այդ ամենը` Դուք ձեզ ազատում եք նոր կերպարի համար:
Դիտարկեք Ամանորյա կեսգիշերը որպես ձեր նոր կերպարի մեջ մտնելու փուլ: Գոյություն ունի էներգիայի` մտքի հետևից շարժման հին սկզբունք: Վերցրեք մի գեղեցիկ բացիկ և գրեք, թե ինչ կցանկանայիք ունենալ հաջորդ տարում: Կարելի է անդրադառնալ և՛ առողջությանը, և՛ ֆինանսական վիճակին, և՛անձնական որակներին: Գրեք, թե ինչպես կցանկանայիք վերաբերվել ինքներդ ձեզ, ձեր հարազատներին և ընկերներին, ինչ կցանկանայիք փոխել ձեր աշխատանքում: Միգուցե դա ծիծաղելի թվա, սակայն փորձեք բացիկը դնել մի այնպիսի տեղում, որն անընդհատ կնկատեք և կկարդաք: Պետք է հավատալ, որ ձեր ցանկությունների մեծ մասը գալիք տարում անպայման կկատարվի, քանի որ այդպես Դուք ձեր ապագա եք ուղարկում որոշակի մտադրություն, ինչն էլ իր դրական ազդեցությունն է թողնում ձեր կյանքի վրա: Պետք է պարզապես շատ ուժեղ սպասել Ձեր ցանկության իրականացմանը:  Հենց սպասել, այլ ոչ թե հուսալ, քանի որ դրանք տարբեր բաներ են: Հույսը ենթադրում է անվստահություն, իսկ սպասումը` համոզվածություն նրանում, որ դա կկատարվի: Բացի այդ, շատ կարևոր է տարին ավարտել առանց նյութական և բարոյական պարտքերի: Դուք ինչ-որ մեկին խոստացել եք ինչ-որ բա՞ն անել: Փորձեք հասցնել: Եթե չի ստացվում, ավելի լավ է ազնվորեն խոստովանել, որ չեք հասցնում: Այժմ այն նվերների մասին, որոնք մենք պատրաստում ենք գործընկերների, ընկերների և բարեկամների համար: Սովորաբար մենք ջանում ենք գնել այն իրերը, որոնք պետքական են և օգտակար: Սակայն չէ՞ որ նվերը կարող է լինել նաև սիմվոլիկ բնույթի: Այդպես դուք խորհրդանշական առումով մարդուն փոխանցում եք իր համար որևէ նոր բան: Մի պահ կանգ առեք և մտածեք, թե ինչ որակով կցանկանայիք օժտել այդ մարդուն: Կարևորը, որ Ձեր կողմից չլինի ծաղր և թաքնված հեգնանք: Վերանայեք նաև այն, թե ինչպես եք Դուք մատուցում նվերները: Պետք չէ նվերն ուղղակի շտապողաբար նվիրել: Մնացեք այդ իրի հետ մի որոշ ժամանակ` մտովի դրան հաղորդելով Ձեր ջերմությունը, սերն ու հարգանքը այդ մարդու նկատմամբ և միայն այդ ժամանակ մատուցեք Ձեր նվերը:  Եվ ամենակարևորը, ձգտեք ապրել այնպես, որ հաջորդ ողջ տարին Ձեզ չլքի տոնի զգացողությունը: Այժմ` նախապատրաստման պահին, մտածեք, թե ինչ հոգեվիճակում եք գտնվում, կա՞ արդյոք Ձեր նախապատրաստություններում երջանկության զգացում, զգո՞ւմ եք արդյոք որևէ նոր բանի գալը Ձեր կյանք: Զգացե՛ք այդ երջանկությունն ու այդ նորի մոտեցումը: Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ:       

 


Մեկնաբանություններ (3)

Vahan
Մեկնաբանությունը թողել է 12-28-2012 At 02:25 pm

Shnorhakalutyun shat hetaqrqir ev ogtakar xorhurdneri hamar. Dzer galiq Nor tarin ev Surb Tsnundn el shnorhavor)).

Nune
Մեկնաբանությունը թողել է 12-28-2012 At 02:36 pm

Ձեր կայքը իմ ամենասիրած կայքերից մեկն է: Միշտ օգտվում եմ և շատ մեծ բավականություն եմ ստանում: Ձեր գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդն էլ  սրտանց շնորհավորում եմ և ցանկանում եմ նորանոր հաջողություններ...

Harmonia.am
Մեկնաբանությունը թողել է 12-30-2012 At 03:00 pm

Ձեզ նույնպես շնորհակալություն: Մենք նույնպես շնորհավորում ենք ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում ամենայն բարիք:

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: