Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը


Ով իր մասին շատ մեծ կարծիք չունի, իրականում շատ ավելի լավն է, քան ինքն է կարծում:
Գյոթե

36.jpgԻնքնագնահատականի մակարդակը ազդում է մարդու բոլոր գործողությունների վրա: Հաճախ անձի ինքնագնահատականը ցածր է լինում այն դեպքում, երբ նրա ռեալ հնարավորությունները շատ ավելի բարձր են, քան նա կարծում է: Սովորաբար դա կապված է նրա հետ, որ ինքնագնահատականը հիմնականում  ձևավորվում է մանուկ հասակում, երբ մարդու հնարավորությունները դեռ թույլ են զարգացած: Բացի դրանից, շատ բացասական ազդեցություն է թողնում անձի ինքնագնահատականի ձևավորման վրա նեգատիվ շրջապատը: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդու ինքնագնահատականը շատ բարձր է լինում, բայց հիմնականում դա բնորոշ է երիտասարդներին, իսկ մեծահասակներին` հակառակը՝ նրանց ինքնագնահատականը շատ ավելի ցածր է, որը լիովին բացատրելի է: Անձը ձևավորվում է մանուկ և վաղ երիտասարդ տարիքում, երբ նրա հնարավորությունները պարզ պատճառներով սահմանափակ են լինում: Ինքնագնահատականը բարձրացնելը բավականին ռեալ է, չնայած, որ դա բավականին դանդաղ պրոցես է: Սակայն, երբ մարդը գիտակցորեն փորձում է բարձրացնել սեփական ինքնագնահատականը, դա կարող է շատ օգտակար լինել գրեթե յուրաքանչյուրի համար:
Ինչպե՞ս բարձրացնել սեփական ինքնագնահատականը և դառնալ ավելի ինքնավստահ: Ահա 12 խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում.

1. Դադարե՛ք ինքներդ Ձեզ համեմատել ուրիշների հետ: Միշտ կլինեն մարդիկ, ովքեր Ձեզանից ինչ-որ բանով առավել կլինեն, նաև կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ բանով կզիջեն Ձեզ: Եթե Դուք անդադար զբաղվեք համեմատություններով, ապա Դուք Ձեր դիմաց միշտ կունենաք շատ մրցակիցներ և հակառակորդներ, որոնց չեք կարողանա գերազանցել:

2. Դադարե՛ք քննադատել և նախատել ինքներդ Ձեզ: Դուք չեք կարողանա բարձրացնել Ձեր ինքնագնահատականը, եթե շարունակաբար քննադատեք և բացասաբար արտահայտվեք Ձեր ունակություների վերաբերյալ: Երբ խոսում եք Ձեր արտաքինի, կարիերայի, հարաբերությունների, ֆինանսական դրության կամ Ձեր կյանքի այլ ոլորտների մասին, խուսափեք ինքնաստորացուցիչ մեկնաբանություններ անելուց Ձեր հասցեին:

3.Բոլոր հաճոյախոսություններն ու շնորհավորանքներն ընդունեք պատասխան «շնորհակալությամբ»: Երբ Դուք հաճոյախոսությանը պատասխանում եք. «մի երևելի բան չէ», այդպես Դուք մերժում եք այդ հաճոյախոսությունը` ուղարկելով  Ձեր ենթագիտակցություն հաղորդագրություն այն մասին, որ Դուք արժանի չեք այդ հաճոյախոսություններին՝ ձևավորելով ցածր ինքնագնահատական: Այդ իսկ պատճառով սիրով ընդունեք հաճոյախոսությունները` միաժամանակ չնվազեցնելով Ձեր արժանիքները:

4. Օգտագործեք աֆիրմացիաներ (հաստատումներ) Ձեր ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով: Առօրյայում հաճախակի կիրառվող առարկաների վրա փակցրեք այնպիսի հաստատումներ, ինչպիսիք են, օրինակ, «ես սիրում և ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ» կամ «ես կյանքում ամենալավին եմ արժանի»: Թող այդ համոզմունքը միշտ Ձեզ հետ լինի: Օրվա ընթացքում՝ հատկապես քնելուց առաջ և արթնանալուց հետո, մի քանի անգամ ինքներդ Ձեզ կրկնեք այդ համոզմունքը: Ամեն անգամ, երբ դա կրկնեք, Դուք դրական էմոցիաներ կզգաք և այն ավելի արդյունավետորեն կազդի Ձեր ինքնագնահատականի վրա:

5. Ինքնագնահատականը բարձրացնելու համար նախատեսված սեմինարներ, գրքեր և աուդիոգրքեր օգտագործեք: Ցանկացած ինֆորմացիա, որը ներթափանցում է Ձեր գիտակցության մեջ, արմատանում և սկսում է ազդել Ձեր վարքի վրա: Այն ինֆորմացիան, որը գերակշռում է, ամենից շատն է ազդում Ձեր գործողությունների վրա: Եթե Դուք դիտում եք հեռուստահաղորդումներ, որոնք ներառում են բացասական ինֆորմացիա կամ թերթերում կարդում եք քրեական լուրեր, հավանաբար, Ձեր տրամադրությունը կփոխվի և կդառնա ավելի հոռետեսական: Նույն կերպ, եթե Դուք կարդաք կամ լսեք ավելի պոզիտիվ կոնտեքստով հաղորդումներ, որոնք ունակ են բարձրացնելու մարդու ինքնագնահատականը, Դուք շատ դրական բաներ կքաղեք ինքներդ Ձեզ համար:

6. Փորձեք շփվել ավելի պոզիտիվ և ինքնավստահ մարդկանց հետ, որոնք պատրաստ են սատարել Ձեզ: Երբ Դուք շրջապատված եք այնպիսի նեգատիվ մարդկանցով, որոնք անընդհատ ճնշում են Ձեզ և Ձեր մտքերը, ապա Ձեր ինքնագնահատականը նվազում է: Իսկ երբ Ձեզ ընդունում և քաջալերում են, Դուք Ձեզ ավելի լավ եք զգում և Ձեր ինքնագնահատականը բարձրանում է:

7. Կազմեք ցուցակ Ձեր նվաճումների վերաբերյալ: Պարտադիր չէ, որ դա բաղկացած լինի միայն շատ յուրահատուկ իրադարձություններից: Ցանկը կարող է իր մեջ ընդգրկել փոքրիկ հաղթանակներ, օրինակ՝ ստացել եք վարորդական իրավունք, սկսել եք պարբերաբար հաճախել մարզադահլիճ և այլն: Պարբերաբար աչքի անցկացրեք այդ ցուցակը: Կարդալով Ձեր ձեռքբերումների ցանկը` փակեք աչքերը և փորձեք կրկին զգալ բավարարվածության և ուրախության այն զգացումները, որ երբևէ զգացել եք:

8. Կազմեք Ձեր դրական հատկանիշների ցուցակը: Արդյո՞ք Դուք արդար եք, անշահախնդիր, անկեղծ: Ինքներդ Ձեր հանդեպ բարյացակամ եղեք և գրեք առնվազն 20 դրական հատկանիշներ: Ինչպես նախորդ ցուցակի դեպքում, այս անգամ էլ հաճախակի աչքի անցկացրեք այդ ցուցակը: Շատ մարդիկ կենտրոնանում են միայն իրենց թերությունների վրա` դրանով ավելի ամրապնդելով իրենց ցածր ինքնագնահատականը, իսկ հետո էլ զարմանում են, թե ինչու իրենց կյանքում ամեն ինչ այնքան լավ չէ, ինչպես որ կցանկանային: Սկսեք կենտրոնանալ Ձեր առավելությունների վրա և այդժամ շատ ավելի հնարավորություններ կունենաք հասնելու այն ամենին, ինչին ձգտում եք:

9. Սկսեք ուրիշների համար ավելին անել: Խոսքը Ձեր կոնկրետ արարքների մասին է, որոնցով Դուք կկարողանաք օգնել կամ քաջալերել ուրիշներին: Երբ Դուք ուրիշների համար մի լավ բան եք անում, Դուք սկսում եք ինքներդ Ձեզ ավելի արժեքավոր զգալ, և Ձեր ինքնագնահատականն ու տրամադրությունը բարձրանում են:

10. Աշխատեք զբաղվել նրանով, ինչը Ձեզ դուր է գալիս: Դժվար է ինքներդ Ձեր հանդեպ պոզիտիվ վերաբերմունք զգալ, երբ Ձեր ամբողջ ժամանակը Դուք վատնում եք մի աշխատանքի վրա, որն իրականում տանել չեք կարողանում: Ինքնագնահատականը բարձրանում է, երբ Դուք զբաղվում եք Ձեր սիրելի աշխատանքով կամ գործունեությամբ, և որը Ձեզ հնարավորություն է տալիս զգալ, որ Դուք Ձեզնից որևէ արժեք եք ներկայացնում: Անգամ եթե Ձեզ Ձեր աշխատանքը այդքան էլ դուր չի գալիս, Դուք կարող եք Ձեր ազատ ժամանակը տրամադրել այնպիսի գործերով զբաղվելուն, որոնք Ձեզ հաճույք են պատճառում:

11. Հավատարիմ եղեք ինքներդ Ձեզ: Ապրեք Ձեր սեփական կյանքով: Դուք երբեք ինքներդ Ձեզ լիովին չեք հարգի, եթե չապրեք Ձեր կյանքն այնպես, ինչպես ցանկանում եք: Եթե կայացնում եք որոշումներ, որոնք հիմնված են Ձեր բարեկամների կամ ընկերների հավանության վրա, դա կշանակում է, որ Դուք հավատարիմ չեք ինքներդ Ձեզ, և Ձեր ինքնագնահատականը ցածր է:

12. Գործե՛ք: Դուք չեք կարողանա Ձեր մեջ զարգացնել բարձր ինքնագնահատական, եթե նստեք տեղում և չփորձեք ընդունել Ձեր առջև եղած մարտահրավերները: Երբ Դուք գործում եք անկախ հետագա արդյունքից, ավելանում է ինքներդ Ձեզ հարգելու զգացումը, Դուք ավելի հաճելի զգացողություններ եք սկսում զգալ ինքներդ Ձեր հանդեպ: Իսկ երբ Դուք վախի կամ ինչ-որ անհանգստության պատճառով հապաղում եք Ձեր գործողություններում, դա առաջացնում է ընկճվածության և տխրության զգացողություն, որն իր հերթին հանգեցնում է ինքնագնահատականի անկմանը:
Դուք մեծ հնարավորություններ և մեծ պոտենցիալ ունեցող յուրահատուկ անձնավորություն եք: Որքան Ձեր ինքնագնահատականը աճի, այնքան ի հայտ կգան Ձեր իրական հնարավորությունները: Դուք Ձեզ վրա կվերցնեք մեծ ռիսկայնություն և չեք վախենա մերժումից: Դուք չեք կենտրոնանա ուրիշների հավանությունների վրա, և Ձեր փոխհարաբերություններն ավելի օգտակար կլինեն թե՛ Ձեր, և թե՛ ուրիշների համար։ Դուք կսկսեք անել այն, ինչը Ձեզ երջանկություն և բավարավածություն կպարգևի: Եվ, ինչը շատ կարևոր է, բարձր ինքնագնահատականը հոգեկան ներդաշնակություն կպարգևի Ձեզ:

 


Մեկնաբանություններ (4)

milena
Մեկնաբանությունը թողել է 1-18-2013 At 08:14 am

Dzer kayqum` tesanyuteri  bajnum, mi shaaaat lav affirmacia kar gexeckutyan veraberyal. Es misht nayum ei, u indz shater da ognum, bayc hima da jnjac e. Urish voch mi tex chem karoxanum gtnel. Shat em xndrum noric texadreq da, lav? Naxapes shat shnorhakal em. Huys unem cheq merji.

Harmonia.am
Մեկնաբանությունը թողել է 1-18-2013 At 10:27 am

Հարգելի Միլենա, Ձեր նշած տեսանյութը ջնջվել է youtube.com-ից, այդ իսկ պատճառով մեզ մոտ հիմա նույնպես չկա: Youtube.com-ում հայտնվելուն պես դրանք անպայման նորից կտեղադրվեն: Եթե նկատել եք, ապա ավելացվել են այլ հետաքրքիր տեսանյութեր))

Անահիտ
Մեկնաբանությունը թողել է 8-5-2014 At 04:24 pm

Barev dzez. Indz dzer ognutyunn e harkavor. Audiogrqer em pntrum, chem karoghanum gtnel u lsel, jamanaks chi nerum parapmunqneris het mektex kardam, vor hascnem qnnutyunnerin... shat em xndrum ogneq eli.

Harmonia.am
Մեկնաբանությունը թողել է 8-10-2014 At 01:35 pm

Բարև Ձեզ: Հարգելի Անահիտ, աուդիոգրքեր կարող եք գտնել հետևյալ կայքերում՝ www.audioknigi-online.com, http://youronlinebooks.ru, http://audioknigi.club, http://asbook.net:

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: