Անքնության հոգեբանական պատճառները


43.jpgՄեզնից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ բախվել է անքնության նշանների հետ, երբ շուռումուռ ես գալիս անկողնում, մկանները լարված են, մտքերը` խառնված, մեկ շոգ է, մեկ՝ ցուրտ, մեկ ցանկանում ես ջուր խմել կամ որևէ այլ բան, իսկ քնելն անհնար է: Ոմանց մոտ այդ նշաններն ի հայտ են գալիս հազվադեպ, ոմանց մոտ էլ` հաճախ: Մեկը չի կարողանում քնել՝ չիմանալով  դրա պատճառը, մյուսն առույգ է՝ մտածելով ինչ-որ գործերի և դժվարությունների մասին:
Ըստ վիճակագրության` աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է քնի խանգարման ինչ-որ տեսակով և համարյա կեսի մոտ այն ընդունում է քրոնիկ բնույթ:
Անքնությամբ ավելի շատ տառապում են մտավոր աշխատանքով զբաղվողները, նրանք՝ ում աշխատանքային գործունեությունը կապված է բարձր պատասխանատվության հետ, ինչպես նաև տարեց մարդիկ:
Անքնությունը հիվանդություն չէ, այլ հիվանդության ախտանիշ, այդ իսկ պատճառով անքնությունից ազատվելու համար նախ և առաջ հարկավոր է պարզել դրա առաջացման պատճառները։ 
Անքնության առաջացման հիմնական պատճառներից է անհանգստությունը, որն ակտիվացնում է նյարդային համակարգը, ինչն էլ խաթարում է քնի բնականոն ընթացքը։ Դա կարող է պայմանավորված լինել որևէ կարևոր և պատասխանատու իրադարձությամբ: Յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ չի կարողացել քնել քննությունից, հարսանիքից, նոր աշխատանքային առաջին օրվանից կամ այլ կարևոր իրադարձությունից առաջ: Ինչ-որ չափով դա նորմալ է, սակայն, երբ մարդը մեկ շաբաթ կամ ավել չի կարողանում հանգիստ քնել, այդ դեպքում հարկավոր է հասկանալ, թե ինչն է կանգնած այդ ապրումների ետևում: Հաճախ անքնությամբ են տառապում նրանք, ովքեր դժվարանում են ներքուստ որևէ վճռական որոշում կայացնել:Այդպիսի մարդկանց տանջում են մտածմունքները, տագնապները, վախերը, նրանք ներքուստ ամեն ինչ ծանր ու թեթև են անում` հաճախակի զբաղվելով ինքնավերլուծությամբ:
Անքնության պատճառ կարող են հանդիսանալ նաև չարտահայտված ուժեղ զգացմունքներն ու ապրումները` վիրավորվածությունը, վախի, խանդի, մեղքի զգացումը և այլն: Օրինակ, Ձեզ հանդիմանել է պետը բոլորի ներկայությամբ, իսկ Դուք լռել եք, սակայն ներքուստ շատ եք ընկճվել, և Ձեր պետը Ձեզ համար դարձել է ատելի: Այդ իսկ պատճառով, պառկելով քնելու, Դուք մտովի վերապրում եք այդ իրավիճակն այնպես, որ Ձեր ապրումներն այնուամենայնիվ ելք գտնեն, և դա էլ իր հերթին բերում է անքնության:
Գոյություն ունեն անքնության հոգեբանական նաև այլ պատճառներ, որոնք կարելի է վերլուծել հոգեբանի օգնությամբ, ինչն էլ կօգնի Ձեզ հաղթահարել այն պահերը, որոնք դարձել են Ձեր հոգեկան անհավասարակշռության և անքնության պատճառը:
Անքնության ամենագլոբալ պատճառը խնդիրները <<բաց թողնելու>> անկարողությունն է, երբ մարդ դժվարանում է <<անջատվել>> աշխատանքից և հանգստանալ` խնդիրների լուծումից անցնելով ժամանակավոր անգործության և հաճելի ապրումների, իսկ երբ դա չի հաջողվում, ապա այն հաճախ հանգեցնում է անցանկալի հետևանքների` տրամադրության անկման, տագնապայնության, դյուրագրգռվածության, ճնշվածության, աշխատունակության նվազման, հետաքրքրության անկմամբ շրջապատի նկատմամբ և այլն:
Անքնությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն հոգեբանական խնդիրներով, այլ նաև նյարդային, սիրտ-անոթային համակարգի և այլ հիվանդություններով, ուստի, տառապելով քրոնիկական անքնությամբ, բացի հոգեբանից և հոգեթերապևտից, հարկավոր է խորհրդակցել նաև բժշկի հետ:
Անքնությունն ուժեղանում է, երբ մարդ լարված մտածում է այն մասին, թե ինչպիսի տհաճ հետևանքների է հանգեցնելու վատ քնելը հաջորդ օրվա  ընթացքում։ Նա իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում է է նրա վրա, թե երբ է քնելու, մտածում է, որ արդեն գիշերվա կեսն է, բայց ինքը դեռ չի քնել։ Այդ բոլոր ապրումներն առաջացնում են տագնապի զգացողություն։ 
Եվ այսպես. ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից։ Պատասխանը շատ պարզ է. մի կենտրոնացեք քնելու վրա, փորձեք մտածել ձեզ համար հաճելի բաների մասին։ Այդ ամենը կնպաստի նրան, որ դուք կդադարեք հրահանգներ տալ ձեր գիտակցությանը, լարվածությունը կանցնի, և օրգանիզմն ինքն իրեն քուն կմտնի։ Հիշե՛ք, որ ոչ ոք չի մահացել անբավարար քնից: Անքնության համար անհանգստանալը ավելի շատ է վնասում, քան քնի բացակայությունը:
Քուն մտնելուն օգնում է նաև մկանների թուլացումը. քանի դեռ մարդու մկանները լարված են, հնարավոր չէ քնել։ Դրան կարելի է հասնել ռելաքսացիոն մեթոդների միջոցով, որոնք ձեզ կօգնեն թուլանալ և հանգիստ քնել: 








 


Մեկնաբանություններ (0)

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: