Ամաչկոտության պատճառները


33.jpgԱռօրյա կյանքում հաճախ կարելի է հանդիպել ամաչկոտ մարդկանց: Ոմանք հազվադեպ են ամաչկոտություն զգում, իսկ ոմանք էլ երկչոտ, կաշկանդված ու լարված են գրեթե միշտ: Շատերին դա իրոք խանգարում է լիարժեք կյանք վարել՝ հարաբերություններ ստեղծել, մասնագիտական բարձունքների հասնել, շփումից հաճույք ստանալ և այլն: Նման մարդկանց ունակություններն ու տաղանդները մնում են ստվերում: Այդպիսի մարդկանց մասին  հաճախ ասում են, որ «այսպիսի պարզ գլխով» կամ «այսպիսի ձեռքերով» կարելի էր պրոֆեսոր դառնալ կամ միլիոններ աշխատել: Ամաչկոտ մարդիկ իրենց հաճախ դժբախտ են զգում, քանի որ իրենց ամաչկոտության պատճառով շատ նպատակներ մնում են չիրագործված:  Նման մարդիկ անհարմար են զգում բարձրաձայնել իրենց կարիքների, ցանկությունների, նպատակների մասին, քանի որ վախենում են այլոց գնահատականից.  նրանց համար  շատ ավելի հեշտ է համեստորեն լռել:
Ամաչկոտությանը կարելի է վերագրել հետևյալ դրսևորումները՝ լռությունը կամ «ես չգիտեմ»-ի պես նախադասությունները, ցածր ձայնը, իջեցված աչքերն ու կեցվածքը, դեմքի կարմրումը, քրտնելը, շարժումների կաշկանդվածությունը, դողը: Ամաչկոտության պատճառները բազմաթիվ են: Դրա հիմնական պատճառներից է ներքին կոնֆլիկտը: Կոնֆլիկտ ցանկությունների, մտքերի, զգացմունքների և ներքին «քննադատի» միջև, որն ասում է, թե սա անել չի՛ կարելի, սա վա՛տ է, հիմարություն է կամ կարևոր չէ:
Հարց է ծագում. որտեղի՞ց է հայտնվում այդ ներքին «քննադատը»: Հաճախ, դա այն ամենն է, ինչ մենք լսել ենք մեր ծնողներից, տատիկներից ու պապիկներից, ուսուցիչներից ու դաստիարակներից: Օրինակ՝ մեր երկրում երկար ժամանակ աղջիկների ամաչկոտությունը խրախուսվում էր: Մեզ ասում էին, որ աղջիկը պետք է լինի համեստ, երկչոտ, գրեթե անտեսանելի, հանգիստ, սիրո մասին խոսքերը պետք է նրան շփոթեցնեն: Իր մասին այդպիսի աղջիկը չպետք է խոսի, իսկ գովասանքներից չհպարտանա:Իսկ որքա՜ն ասացվածքներ և արտահայտություններ կան, որոնց միջոցով ծնողները, հաճախ հոգնածության կամ անտեղյակության հետևանքով, լռեցնում են իրենց երեխաներին. «մտածի՛ր խոսելուց առաջ», «ուր նստեցնեն, այնտեղ էլ նստիր», «որ կողմ չասեն, այն կողմ մի նայիր», «տեսնում ես՝ մեծերը խոսում են», «քո խելքի բանը չէ», «դեռ փոքր ես» և այլն: Այդպիսի երեխաները մեծանում են կաշկանդվածություն, երկչոտություն և լարվածություն զգալով, որովհետև շարունակում են լսում են նույնը, սակայն արդեն իրենց ներսում: Եթե արդեն հասուն  տարիքում ամաչկոտ մարդուն ինչ-որ բացասական բան են ասում, ապա դա միայն ավելի է խորացնում նրա ամաչկոտության և անինքնավստահության զգացումը:
Սովորաբար ամաչկոտ մարդիկ խւսափում են այնպիսի իրավիճակներից, որտեղ պետք է ակտիվորեն շփվել, արտահայտվել և այն մարդկանցից, ովքեր կարող են նրանց քննադատել: Կան այնպիսիք, ովքեր իրենց ամաչկոտությունը հաղթահարում են ալկոհոլի, թմրադեղերի միջոցով: Դա հանում է նրանց ներքին արգելքները, սակայն դա հղի է ալկոհոլիզմով և այլ կախվածություններով, քանի որ հաճախ այդպիսի մարդիկ դժվարանում են ծանոթանալ երիտասարդի կամ աղջկա հետ, շրջապատում իրենց դրսևորել սթափ վիճակում և միշտ ստիպված են դիմել հոգեմետ նյութերի օգնությանը: Կան մարդիկ, ովքեր պայքարում են սեփական ամաչկոտության դեմ, ինչպես իսկական չարի դեմ: Նրանք ագրեսիվորեն գնում են իրենց վախերին ընդառաջ, ինչն էլ նյարդայնության տպավորություն է թողնում: Հաճախ նրանք պարծենում են իրենց հաղթանակներով, բայց այդ հաղթանակներն այնքան ցուցադրական են և վառ արտահատված, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենն ուրիշներից սեփական երկչոտ բնույթը թաքցնելու համար է արվում:
Ամաչկոտության հիմնական հետևանքներն են՝ մասնագիտական և ստեղծագործական ինքնակայացման բացակայությունը, ժամանակի անիմաստ վատնումը, մշտական մեղքի զգացումը, կախվածությունը մեծամասնության կարծիքից, շփման դժվարությունները և այլն: Իսկ ինչպե՞ս ազատվել ամաչկոտությունից: Նախ և առաջ հարկավոր է  փոխել դրա հանդեպ վերաբերմունքը՝ դադարել վախենալ դրանից և ատել այն: Դրա համար պետք է ամաչկոտության մեջ որևէ դրական կողմ գտնել: Դա կարող է լինել զգոնությունը, զգուշությունը, լրջությունը, խոհեմությունը: Օրինակ, ամաչկոտ մարդիկ հաճախ ունեն ուրիշ մարդկանց ապրումակցելու, նրանց հասկանալու գերազանց ունակություն: Դրական կողմեր գտնելը շատ կարևոր քայլ է, քանի որ սիրով արված ցանկացած գործ միշտ էլ դրական արդյունք է տալիս: Քիչ ամաչելուն կարող է նպաստել նաև այդ մասին արտահայտվելը: Օրինակ՝ եթե Դուք ժամադրված եք աղջկա հետ և ամաչում եք նրանից, ապա նրան ասեք՝ «Ես քեզ տեսնելով մի փոքր հուզվեցի» կամ եթե Դուք ելույթ եք ունենում հանրության առջև, ապա կարող եք ասել՝ «Ես մի փոքր հուզված եմ, ինձ համար շատ կարևոր է այս ելույթը: Ես երկար եմ սպասել այս հնարավորությանը»: Երբ մենք բարձրաձայնում ենք այն մասին, թե ինչ ենք զգում, դրա ուժը մի փոքր նվազում է:
Ամաչկոտությունից լիովին ձերբազատվելու համար, իհարկե, ցանկալի է դիմել հոգեբանի օգնությանը, քանի որ դա Ձեզ հնարավորություն կտա հասկանալ դրա իրական պատճառները, տեսնել և ի օգուտ Ձեզ շրջել դրանից բխող խնդիրները, ինչպես նաև հաշտեցնել Ձեր ներքին «քննադատին» սեփական ցանկությունների, մտքերի և զգացմունքների հետ:     

 


Մեկնաբանություններ (1)

Hasmik
Մեկնաբանությունը թողել է 3-2-2013 At 03:32 pm

Mardik tarber iravichaknerum lrum en, inch vor ban chen anum kam chen asum, bayc iranq chen gitakcum, vor da amachelu patcharov er, ayl misht inch vor patchar kam ardaracum gtnum en irenq iranc hamar .... 

Թողնել Մեկնաբանություն
* Ձեր անունը:
* Ձեր Էլ-հասցեն:
(Ոչ հասանելի)
Կայք:
* Անվտանգության կոդ:
Security Image Փոփոխել
Հավաքեք տառերը և թվերը անվտանգության կոդից:
* Նամակ: